Ժամանակակից կոսմետոլոգիան այնքան արագ է զարգանում, որ առաջարկվող մաշկի խնամքի հնարավորությունների բազմազանությունն այլևս մեզ չի զարմացնում: Դա անշուշտ առավելություն է ինչպես ընտրության հնարավորության, այնպես էլ նորարարությունների տեսանկյունից, որոնք կարող են նկատելի արդյունք ապահովել կարճ ժամանակահատվածում:
LED-թերապիան կամ լուսադիոդային թերապիան ամենահայտնի նորարարություններից է, որը թույլ է տալիս հասնել վնասված բջիջների գրեթե լիակատար վերականգնման: Ընդ որում, LED ճառագայթները այդ արդյունքն իրականացնում են՝ հաշվի առնելով ձեր անհատական պահանջները, լինի դա երիտասարադացում, մաշկի տոնուսի վերադարձ, ակնեից կամ պոստակնե սպիներից ձերբազատում թե շրջակա միջավայրի սթրեսային գործոնների դեմ պայքար: Ահա թե ինչ է անհրաժեշտ իմանալ LED-թերապիայի մասին՝ նախքան կոսմետոլոգին դիմելը:
LED-թերապիայի առավելությունները
Կարող եք արդարացիորեն նկատել, որ նկատելի երիտասարդացնող արդյունք կարող են ապահովել նաև այլ կոսմետոլոգիական միջամտություններ: Սակայն LED-թերապիան ունի մեկ անվիճելի առավելություն՝ հյուսվածքների ջերմային վնասումը նվազագույնն է, իսկ կենսախթանիչ ազդեցությունը՝ առավելագույն: Սա տեղի է ունենում, քանի որ LED-թերապիան բացառում է ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթումը, թողնելով միայն «օգտակար լույսի» ազդեցությունը:
Այստեղ կարևոր է նշել, որ LED-թերապիան կազմավորվել է 90-ականներին պարբերաբար անցկացված NASA հետազոտությունների հիման վրա: Այդ հետազոտություններից պարզ է դարձել, որ որոշակի երկարության ալիք ունեցող լույսն օգնում է ապաքինել վերքերը և խթանում է ֆիբրոբլաստների կողմից կոլագենի արտադրությունը: Ապացուցվել է նաև, որ մարդու օրգանիզմում առկա են հատուկ մոլեկուլներ, որոնք, լույսը կլանելով, նպաստում են նոր բջիջների ակտիվ աճին:

