Մաշկի սնկային ախտահարումներ․ մանրամասնում է բժիշկը

Մեր զրուցակիցը «CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնի բժիշ-մաշկաբան Վարդուհի Դավթյանն է։ Այս անգամ զրույցի թեման «Սնկային ախտահարումներն» են։ Բժշկուհուն խնդրեցինք ներկայացնել ամենաանհրաժեշտ տեղեկատվությունը, որը կօգնի առաջնային պատկերացում կազմել ոչ միայն հիվանդության՝ այլև կհորդորի ճիշտ ժամանակին դիմել բժշկի։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում մաշկի սնկային հիվանդությունները, արդյո՞ք վարակիչ են, և որո՞նք են վարակման ուղիները։


Սնկային ախտահարումները այժմ պատկանում են ամենատարածված հիվանդությունների թվին։ Մեր մոլորակի ամեն 5-րդ բնակիչ տառապում է դրանց որևէ մեկ կամ ավելի դրսևորմամբ։ Մաշկի սնկային հիվանդությունների հարուցիչներն են մաշկը և նրա ածանցյալները ախտահարող սնկերը։ Դրանց մեծ մասը կազմում են դերմատոֆիտները, որոնք ներառում են հիմնականում 3 ցեղի ախտածին հարուցիչներ՝ Trichophyton, Microsporum, Epidermophyton, և մաշկի սապրոֆիտ (նորմայում մաշկի վրա ապրող) միկրոֆլորան։ Սրանցից յուրաքանչյուրն առաջացնում է իրեն հատուկ կլինիկական պատկեր։ Նշված հարուցիչներով վարակումը տեղի է ունենում հիվանդ կենդանու, հիվանդ մարդու կամ հարուցիչներով վարակված առարկաների հետ շփման դեպքում։ Սնկային ախտահարման առաջացումը որոշվում է մի քանի արտաքին և ներքին գերծոններով՝ հարուցչի պաթոգենությամբ և վիրուլենտությամբ, օրգանիզմի վիճակով (գերքրտնարտադրություն, քրոնիկ հիվանդությունների առկայություն, դիմադրողականության անկում, և այլն), և արտաքին միջավայրի պայմաններով, որոնք կարող են նպաստել վարակվելուն և ազդել հիվանդության ընթացքի վրա։

Ինչպե՞ս են արտահայտվում մաշկի սնկային հիվանդությունները և ինչպե՞ս դրանք տարբերակել։


Սնկային ախտահարումները շատ բազմազան են և դրանք դժվար է տարբերակել իրարից և այլ մաշկային հիվանդություններից՝ երբեմն նույնիսկ բժիշկ-մաշկաբանի համար։ Բայց որպեսզի ընթերցողների համար գոնե որոշ չափով պարզ լինի հիվանդությունների այս խմբի մասին ինֆորմացիան, նշենք, որ ամենից հաճախ սնկային ախտահարումները դասակարգվում են ըստ տեղակայման՝

• Հարթ մաշկի
• Գլխի մազածածկ հատվածի
• Մեծ ծալքերի
• Դաստակների և ներբանների

Տեղակայումից կախված տարբեր է նաև առաջացած ախտահարման պատկերը։ Ընդհանուր առմամբ կլինիկական դրսևորումները մի կողմից պայմանավորված են վերնամաշկի, մազերի և եղունգների մեջ հարուցիչների ներդրմամբ, աճով և բազմացմամբ, իսկ մյուս կողմից ՝ բուն մաշկում առաջացող տարբեր աստիճանի բորբոքային պրոցեսներով։ Այս պրոցեսները արտահայտվում են ախտահարման օջախում մաշկի տարբեր աստիճանի կարմրությամբ, թեփոտվածությամբ, մազերի կոտրատվելով կամ թափվելով, եղունգների վրա տեղակայման դեպքում՝ դրանց ձևի և գույնի տարբեր փոփոխություններով։ Հաճախ միայն զննման արդյունքում բժիշկ-մաշկաբանի համար պարզ է դառնում ախտահարման բնույթը, բայց շատ հաճախ նաև անհրաժեշտ է լինում լաբորատոր քննություններ՝ ախտորոշումը հստակեցնելու և այլ հիվանդություններից տարբերակելու համար։

Խնդրում ենք մանրամասնել մաշկի սնկախտով վարակվելու առավել տարածված ուղիները։

Սննկային ախտահարումը տեղի է ունենում սնկերի սպորների, թեփուկների միջոցով, որոնք առողջ մարդու մաշկի վրա են ընկնում ավելի հաճախ շոգեբաղնիքներում, ցնցուղներում, լողավազաններում, սպորտային դահլիճներում, ինչպես նաև ոչ անհատական հողաթափերի, հագուստի, սպորտային կոշիկների, գուլպաների, ինչպես նաև ու վարակված կենդանիների հետ շփման միջոցով․․․ և այլն: Երբեմն տեղի է ունենում վարակում ընդհանուր անկողնում՝ ուղիղ կոնտակտի միջոցով: Վարակման նախապայմաններ կարող են լինել ոտքերի չափազանց քրտնարտադրությունը, միկրովնասվածքները, ոտնաթաթի երկարատև գերտաքացման կամ գերսառեցման հետ կապված անոթային խանգարումները, և օրգանիզմի դիմադրողականության վրա ազդող տարբեր քրոնիկ հիվանդությունները։

սնկային ախտահարում
Ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցողներին, ովքեր իրենց մոտ կասկածում են սնկային վարակի առկայություն։

Սնկային ախտահարումների կասկածի դեպքում պետք չէ խուճապի մատնվել։ Առաջին հերթին խորհուրդ կտամ չզբաղվել ինքնաբուժմամբ՝ հաշվի առնելով վերը նշված նրբությունները։ Քանի որ սխալ դեղորայք օգտագործելու դեպքում, նախ կարող եք ավելի վատթարացնել վիճակը, նաև կարող եք փոփոխել հիվանդության պատկերը, որը հետագայում կխանգարի բժշկին արագ կողմնորոշվել ախտորոշման հարցում։ Այս խորոհւրդը վերաբերվում է ոչ միայն սնկային, այլ բոլոր մաշկային ախտահարումներին։ Նաև խորհուրդ կտամ չանտեսել ի սկզբանե փոքր թվացող խնդիրները, քանի որ դրանք ժամանակի հետ կարող են խորանալ, ախտահարել ավելի մեծ օջախներ և առաջացնել լուրջ էսթետիկ և ոչ միայն էսթետիկ խնդիրներ, որն էլ իր հերթին կարող է բերել ինքնագնահատակնի անկման, առանձնացման, ընկճվածության։

Նշեցիք, որ սնկային ախտահարումներն ակտիվանում են նաև որոշ քրոնիկ հիվանդությունների ժամանակ, խնդրում ենք մանրամասնել։

Այո, հաճախ միկոզներն արտահայտվում են այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբետ, այլ էնդոկրին խանգարումներ, չարորակ գոյացություններ, ՄԻԱՎ, և այլն․․․), տարել են ծանր վիրահատություններ, որոնց ժամանակ օրգանիզմի դիմադրողականությունը կտրուկ ընկնում է և մեծանում է ընկալողականությունը տարբեր վարակների՝ այդ թվում նաև սնկային ախտահարումների նկատմամբ։ Նման խնդիրներ ունեցող պացիենտները պետ է լինեն առավել զգոն և խնդրի ի հայտ գալուն պես դիմել մասնագետի՝ հնարավորինս շուտ խնդիրը բուժելու և տարածումը կանխելու նպատակով։

Այսպիսով՝ սնկային ախտահարումներն ամենատարածված մաշկային հիվանդություններից են, որոնք հաճախ շփոթում են այլ մաշկային դրսևորումների հետ և ցուցաբերում անհետևողականություն, իսկ հիվանդությունը շարունակում է զարգանալ՝ ախտահարելով նոր հյուսվածքներ։ Հարկավոր է կանխել հիվանդության հետագա զարգացումն ու ճիշտ ժամանակին դիմել բժշկի և որ ամենակարևորն է՝ չզբաղվել ինքնաբուժությամբ։ Այսօր՝ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կիրառվում են սնկային ախտահարումների բուժման համալիր սխեմաներ, որոնք ներառում են ոչ միայն հակասնկային դեղամիջոցների օգտագործում, այլ նաև սարքավորումային բուժում, որը դեղորայքային բուժման հետ համատեղ լավ արդյունք է գրանցում։