1. Քոր, այրոց, սեռական օրգաններից արտազատուկներ: Նորմայում հեշտոցից արտազատուկները թափանցիկ են, ոչ առատ, հոտ չունեն և գրգռվածություն չեն առաջացնում: Արտազատությունների քանակը կախված է դաշտանային (մենստրուալ) ցիկլի փուլից: Այսպես, դաշտանի ավարտվելուց անմիջապես հետո արտազատուկները սակավ են և թափանցիկ, ցիկլի մեջտեղում դրանք առատ և մածուցիկ են դառնում, իսկ ցիկլի երկրորդ փուլում դեղնավուն երանգ են ստանում և թեթև թթվային հոտ, դառնում են ավելի մածուցիկ և անթափանց:
Բժշկի մեկնաբանությունը. «Դաշտանի տվյալ փուլին ոչ բնորոշ արտազատուկները, քորն ու այրոցը կարող են այնպիսի հիվանդությունների ազդանշան լինել, ինչպիսիք են կաթնախտը (կանդիդոզ), քլամիդիոզը, բակտերիալ վագինոզը, արգանդի հավելումների, ձվարանների բորբոքումները և այլն: Այս ախտանիշների հայտնվելու դեպքում անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի, հեշտոցի և արգանդի վզիկի ֆլորայի ախտորոշիչ քսուք հանձնել, ինչպես նաև հետազոտել հնարավոր վարակների առկայությունը»:
2. Դաշտանային ցիկլի խանգարումներ: Անշուշտ, յուրաքանչյուր կին յուրահատուկ է: Այնուամենայնիվ, գոյություն ունեն որոշակի սահմաններ, որոնցից դուրս գալը վկայում է կանացի առողջության խանգարումների մասին: Դաշտանի հապաղումների առաջացումը, չափազանց առատ և երկարատև կամ, ընդհակառակը, կարճատև և սակավ դաշտանը, սրտխառնոցը, գլխացավը, ուշաթափությունները խոսում են անհապաղ բժիշկին դիմելու անհրաժեշտության մասին:
Բժշկի մեկնաբանությունը. «Քանի որ կանանց վերտարտադրողական համակարգը զգայուն է սթրեսի, իմունիտետի անկման, խիստ չարդարացված դիետաների պատճառով մարմնի կշռի կտրուկ անկման, ֆիզիկական ծանրաբեռնվածության և այլնի հանդեպ, դաշտանի փոփոխությունները կարող են այնիպիսի հիվանդությունների առաջին ախտանիշները լինել, ինչպիսիք են ձվարանների թերգործառույթը (դիսֆունկցիա), քրոնիկ էնդոմոտրիտը, էնդոմետրիոզը, արգանդի միոման, ձվարանների պոլիկիստոզը և այլն: Որքան շուտ սկսեք դրանց բուժումն, այդքան դյուրին կլինի վերականգնել ձեր առողջությունը»:
3. Հակաբեղմնավորիչների ընտրություն: Հենց ձեզ համապատասխանող պաշտպանության միջոցը կարող է ընտրել միայն բժիշկ-գինեկոլոգը: Ո՛չ գովազդը, ո՛չ ընկերուհիների խորհուրդները չպետք է ազդեն ձեր ընտրության վրա:
Բժշկի մեկնաբանությունը. «Հորմոնալ հակաբեղմնավորիչները նշանակվում են ոչ միայն հակաբեղմնավորիչ նպատակներով, այլ նաև որպես բուժշում՝ բուժիչ ազդեցություն ունեն նախադաշտանային համախտանիշի, դիսմենորեայի, էնդոմետրիոզի դեպքում, սակայն չեն պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից: Այդ վարակներից միակ ապահով պաշտպանությունը պատնեշային հակաբեղմնավորման մեթոդներն են (պահպանակներ և այլն): Այսօր գոյություն ունեն նորարարական հորմոնալ թողարկող համակարգեր կպչուն ժապավենի, հեշտոցային օղակի տեսքով և այլն: Բայց դրանք պետք է անհատական ընտրվեն»:
4. Սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն: Շատ «ոչ վտանգավոր» վարակներ չբուժվելու դեպքում կարող են վերարտադրողական համակարգի և այլ ներքին օրգանների աշխատանքի լուրջ բարդացումներ առաջացնել: Բացի այդ, գոյություն ունեն առանց նկատելի ախտանիշների անցնող հիվանդություններ, օրինակ՝ մարդու պապիլոմայի վիրուսը: Այն չունի բնորոշ հայտանիշներ կամ ախտանիշներ, և մարդկանց մեծամասնությունը տեղյակ չեն, որ վարակված են կամ կրում են այն: Սակայն կյանքի ընթացքում դրանով վարակվում են սեռական ակտիվ կյանքով ապրող երիտասարդների 70%, ինչը աշխարհի ամբողջ բնակչության 13% է: Ընդ որում գրեթե 100% արգանդի վզիկի քաղցկեղի պատճառը մարդու պապիլոմա վիրուսն է:
Բժշկի մեկնաբանությունը. «Մարդու պապիլոմա վիրուս վարակն առավել հաճախ հանդիպում է անկանոն սեռական կյանք վարող և սեռական զուգընկերներին փոխող երիտասարդ տղամարդկանց և կանանց մոտ: Այս մարդկանց՝ մարդու պապիլոմա վիրուսով վարակվելու հավանականությունը բազմակի աճում է յուրաքանչյուր նոր զուգընկերոջ հետ»:
5. Հղիության բացակայություն: Առանց պաշտպանության կանոնավոր սեռական կյանք սկսելուց 12 ամիս անց հղիության բացակայությունը խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է պաթոլոգիա հայտնաբերելու նպատակով գինեկոլոգիական հետազոտություն անցնել:
Բժշկի մեկնաբանությունը. «Առանց պաշտպանության կանոնավոր սեռական կյանքի դեպքում 6-8 ամսվա ընթացքում հղիության բացակայությունը արդեն մտավախություններ պետք է առաջացնի և գինեկոլոգին այցելելու առիթ դառնա»:
6. Գինեկոլոգի նախատեսված զննում: Բժիշկի անհրաժեշտ է դիմել ոչ թե երբ խնդիրն արդեն առաջացել է, այլ երբ այն նոր է առաջանում: Հիշե՛ք, թե վերջին անգամ ե՞րբ եք այցելել գինեկոլոգին: Բազմաթիվ հիվանդություններ առանց ախտանիշների են անցնում, և կինն իրեն կատարելապես առողջ է զգում, երբ արդեն եղած հիվանդությունները կարող են քրոնիկական փուլ անցնել, որի բուժումը շատ ավելի երկարատև է և դժվար: Օրինակ՝ առավել հաճախ արգանդի վզիկի քաղցկեղը հայտնաբերվում է գինեկոլոգի պարբերական զննումներն անտեսող կանանց մոտ: Այդ պատճառով մի՛ զլացեք կես տարին մեկ անգամ գինեկոլոգի մոտ կանխարգելիչ զննում անցնել»: