Էկզեմա | Տեսակներ, առաջացման պատճառներ և բուժման մոտեցումներ

Էկզեմայի 7 տեսակները

էկզեմայի ախտանիշներից հաճախ հանդիպողներն են ժամանակ առ ժամանակ մաշկի քորը և կարմրությունը։ Մաշկային այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ, սակայն, մեծահասակների մոտ նույնպես այն կարող է հանդիպել:

Էկզեման երբեմն անվանում են ատոպիկ դերմատիտ, որն ամենատարածված ձևն է: Այն հանդիպում է նաև մի քանի այլ ձևերով: Էկզեմայի յուրաքանչյուր տեսակ ունի իր ախտանիշներն ու գրգռող գործոնները: Ինչպես նաև կան մի քանի ընդհանուր ախտանիշներ բոլոր տեսակի էկզեմաների համար՝

  • չոր, թեփուկավոր մաշկ;
  • կարմրություն;
  • քոր, որը կարող է ինտենսիվ լինել:

1․ Ատոպիկ դերմատիտ

Ատոպիկ դերմատիտը էկզեմայի ամենատարածված ձևն է: Սովորաբար այն սկսվում է մանուկ հասակից, և հաճախ դառնում է ավելի մեղմ կամ անհետանում մեծահասակների մոտ: Ատոպիկ դերմատիտը համարվում է բժիշկների կողմից հայտնի «ատոպիկ տրիադայի» (քայլերթի) մասերից մեկը: «Տրիադա» նշանակում է երեք: Եռյակի մյուս երկու խնդիրներն են՝ ասթման և ալերգիկ ռինիտը (խոտային տենդը): Ատոպիկ դերմատիտով շատ մարդիկ ունեն վերոնշյալ երեք խնդիրները:

Ախտանիշները ատոպիկ դերմատիտի դեպքում.

  • ցանը հաճախ ձևավորվում է արմունկների կամ ծնկների ծալքերում;
  • ցանի առաջացման հատվածներում մաշկը կարող է ավելի բաց կամ մուգ երանգի դառնալ կամ ավելի հաստանալ;
  • մաշկը քորելու դեպքում հավանական է փոքր բշտիկների առաջացումը, որոնցից կարող է հեղուկ արտահոսել;
  • երեխաների մոտ ցանը հաճախ հանդիպում է գլխի և այտերի հատվածում։

Առաջացման պատճառները

Ատոպիկ դերմատիտը առաջանում է, երբ մաշկի բնական պատնեշը, որը պաշտպանում է այն բակտերիաներից և այլ տարրերից՝ թուլանում է: Սա նշանակում է, որ մաշկն այլևս չի կարողանում օրգանիզմը լիարժեք պաշտպանել գրգռիչներից և ալերգեններից: Ատոպիկ դերմատիտի առաջացումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այնպիսի գործոնների համադրության հետ, ինչպիսիք են՝

  • գեները;
  • չոր մաշկը;
  • իմունային համակարգի խնդիրները;
  • շրջակա միջավայրի գործոնները:

2․ Կոնտակտային դերմատիտ

Մաշկի կարմրածությունն ու գրգռվածությունը, որոնք առաջացել են տարատեսակ նյութերի հետ շփման հետևանքով, կարող են փաստել կոնտակտային դերմատիտ ունենալու մասին: Կոնտակտային դերմատիտը լինում է երկու տեսակի՝ ալերգիկ կոնտակտային դերմատիտ, որն իմունային համակարգի արձագանքն է լաթեքսի կամ մետաղի նման գրգռիչների նկատմամբ, և իրիտանտային կամ գրգռող կոնտակտային դերմատիտ, որը սկսվում է քիմիական կամ այլ նյութերի հետ շփման հետևանքով։

Ախտանիշները կոնտակտային դերմատիտի դեպքում՝

  • մաշկի քորը, կարմրածությունը և այրոցի զգացումները;
  • մաշկի վրա կարող են ի հայտ գալ քոր առաջացնող բշտիկներ,
  • կարող են ձևավորվել հեղուկով լցված բշտիկներ, որոնք կարող են վնասվել;
  • ժամանակի ընթացքում մաշկը կարող է հաստանալ և նկատվել թեփոտվածություն։

Առաջացման պատճառները

            Կոնտակտային դերմատիտն առաջանում է, երբ մաշկը շփման մեջ է լինում այնպիսի նյութերի հետ, որոնք գրգռում են մաշկը կամ առաջացնում ալերգիկ ռեակցիա:

Ամենատարածված պատճառներից են՝

  • լվացող և սպիտակեցնող միջոցները;
  • զարդերը;
  • լատեքսը;
  • նիկելը;
  • թունավոր բաղեղը և այլ թունավոր բույսերը;
  • մաշկի խնամքի միջոցները, այդ թվում դիմահարդարման պարագաները;
  • օճառներն ու օծանելիքները;
  • լուծող նյութերը;
  • ծխախոտի ծուխը։

3․ Դիսհիդրոտիկ էկզեմա

Դիսհիդրոտիկ էկզեմայի ժամանակ ձեռքերի և ոտքերի հատվածում առաջանում են փոքր բշտիկներ: Կանանց մոտ այն ավելի տարածված է, քան տղամարդկանց մոտ:

Ախտանիշները դիսհիդրոտիկ էկզեմայի դեպքում.

  • հեղուկով լցված բշտիկները առաջանում են ձեռքերի մատների, ափերի և ոտքերի ներբանների հատվածում;
  • այս բշտիկները կարող են քոր առաջացնել կամ ցավ պատճառել;
  • մաշկը կարող է թեփոտվել, ճաքել և շերտավորվել։

Առաջացման պատճառներն են՝

  • ալերգիան;
  • խոնավ ձեռքերը և ոտքերը;
  • այնպիսի նյութերի ազդեցությունը, ինչպիսիք են նիկելը, կոբալտը կամ քրոմի աղը;
  • սթրեսը։

4. Ձեռքերի էկզեմա

Էկզեման, որն ախտահարում է միայն ձեռքերի հատվածը, կոչվում է ձեռքերի էկզեմա: Այն հաճախ առաջանում է քիմիական նյութերի հետ պարբերաբար շփման հետևանքով։

Ախտանիշները ձեռքերի էկզեմայի դեպքում՝

  • ձեռքերը կարմրում և չորանում են, առաջանում է քոր;
  • ձեռքերին կարող են առաջանալ ճաքեր կամ բշտիկներ։

Առաջացման պատճառները

Ձեռքերի էկզեման առաջանում է քիմիական նյութերի ազդեցության հետևանքով: Մարդիկ, ովքեր աշխատում են մաշկը գրգռող նյութերի հետ առավել հավանական է, որ այս խնդիրը ունենան, օրինակ՝ մաքրուհիները, վարսահարդարները, առողջապահության ոլորտի աշխատակիցները, լվացքատան կամ քիմմաքրման աշխատողները։

5․ Նեյրոդերմատիտ

Նեյրոդերմատիտը նման է ատոպիկ դերմատիտին: Այն մաշկի վրա առաջացնում է հաստ, թեփուկավոր բծեր։

Ախտանիշները նեյրոդերմատիտի դեպքում.

  • Ձեռքերի, ոտքերի, ծոծրակի, գլխի, մեջքի կամ սեռական օրգանների վրա ձևավորվում են հաստ, թեփուկավոր բծեր;
  • Այս բծերը կարող են երկարատև քոր առաջացնել, հատկապես հանգստի կամ քնի ժամանակ;
  • Բծերը քորելիս կարող է սկսվել արյունահոսություն։

Առաջացման պատճառները

Նեյրոդերմատիտը սովորաբար սկսվում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն այլ տեսակի էկզեմա կամ պսորիազ: Բժիշկները հստակ չգիտեն, թե ինչն է առաջացնում նեյրոդերմատիտ, սակայն սթրեսը կարող է խթան հանդիսանալ:

6․ Նումուլյար էկզեմա

Այս տեսակի էկզեմայի արդյունքում մաշկի վրա հայտնվում են կլոր, մետաղադրամի նման բծեր: «Նումուլյար» բառը լատիներեն նշանակում է մետաղադրամ: Նումուլյար էկզեման շատ է տարբերվում էկզեմայի այլ տեսակներից և կարող է ուժեղ քոր առաջացնել:

Ախտանիշները նումուլյար էկզեմայի դեպքում.

  • մաշկի վրա առաջանում են կլոր, մետաղադրամի նման բծեր;
  • բծերը կարող են քոր առաջացնել, թեփոտվել և շերտավորվել։

Առաջացման պատճառները

Նումուլյար էկզեման կարող է առաջանալ միջատների խայթոցի կամ մետաղների ու քիմիական նյութերի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի պատճառով: Չոր մաշկը նույնպես կարող է պատճառ հանդիսանալ: Այս տեսակ էկզեմայի առաջացումը առավել հավանական է, եթե առկա է էկզեմայի այլ տեսակ ևս, ինչպիսին է՝ ատոպիկ դերմատիտը:

7․ Կանգային էկզեմա

Կանգային էկզեման առաջանում է, երբ թուլացած երակներից հեղուկը դուրս է գալիս և մղվում է դեպի մաշկ: Այս հեղուկը առաջացնում է այտուցվածություն, կարմրություն, քոր և ցավ:

Ախտանիշները կանգային էկզեմայի դեպքում

  • ոտքերի ստորին հատվածը կարող է ուռչել, հատկապես քայլելու ընթացքում;
  • ոտքերի հատվածում առաջանում է ցավի և ծանրության զգացողություն,
  • ամենայն հավանականությամբ, կարող է առաջանալ երակների վարիկոզ լայնացում;
  • ոտքերի վերին և ստորին հատվածներում կարող են բաց վերքեր առաջանալ։

Առաջացման պատճառները

Կանգային էկզեման առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ոտքերի ստորին հատվածներում արյան հոսքի հետ կապված խնդիրներ ունեն։ Եթե փականները, որոնք սովորաբար արյունը մղում են ոտքերից դեպի սիրտ՝ խանգարում են դրա աշխատանքը, ապա արյունը կարող է կուտակվել ոտքերում: Ոտքերը կարող են ուռչել և հնարավոր է առաջանալ վարիկոզ:

Բժիշկ-մաշկաբանի դիմելու անհրաժեշտության մասին

Դիմեք բժշկի, եթե առաջացած քորն ու կարմրածությունը չեն անցնում ինքնուրույն, կամ եթե դրանք խանգարում են առօրյա կյանքում։ Մաշկաբանը կարող է ճիշտ ախտորոշել և բուժել էկզեման:

Այս դեպքում կարող է օգտակար լինել նաև խնդրի վարքագծի օրագիր պահելը՝ էկզեմայի պատճառները բացահայտելու համար: Օրագրում կարող եք նշել՝

  • սննդի վերաբերյալ տեղեկություններ;
  • մաշկի խնամքի նյութերի, օճառների, դիմահարդարման պարագաների և լվացող միջոցների մասին տեղեկություններ;
  • ապրելակերպի մասին մանրամասներ, օրինակ՝ զբոսնում եք դրսում կամ լողավազան եք հաճախում;
  • սթրեսի մասին տեղեկություններ։

Պետք է սկսել ուշադրություն դարձնել էկզեմայի սրացմանը և դրա առաջացման պատճառներին: Այս օրագիրը կարող է օգնել բժշկին ճշգրիտ ախտորոշման, ինչպես նաև սրացումներից խուսափելու հարցում:

Բուժում

Էկզեման հաճախ է հայտնվում ու անհետանում: Բուժման ընթացքում գուցե անհրաժեշտ լինի կիրառել տարբեր դեղամիջոցներ և տարատեսակ բուժումներ՝ ցանից ազատվելու համար, օրինակ՝

  • Հակահիստամինային դեղամիջոցներ, որոնք կարող է վերահսկել քորը:
  • Կորտիկոստերոիդային քսուքներ՝ կրկին քորը նվազեցնելու նպատակով: Ավելի ծանր ռեակցիայի դեպքում հնարավոր է նաև  ներբերանային ստերոիդների օգտագործման անհրաժեշտությունը։
  • Մինչ կորտիկոստերոիդներով քսուքի օգտագործումը՝ կիրառելի են նաև սառը կոմպրեսները, որոնք կօգնեն քսուքի առավել արագ ու հեշտ ներծծմանը:
  • Հակաբիոտիկներ։
  • Լուսային թերապիան (ֆոտոթերապիան, որն ի դեպ կիրառվում է նաև CosmoLab-ում) ևս ցուցված է ցանը բուժելու նպատակով:

Եթե ալերգիկ ռեակցիան հանգեցնում է էկզեմայի սրացման, ապա հարկավոր է խուսափել այն առաջացնող նյութերի հետ շփումից։

Խորհուրդներ սրացումների նվազեցման համար՝
Էկզեմայի սրացումները կանխելու և ախտանիշները կառավարելու մի քանի եղանակ՝

 

  • Խոնավացրեք ձեր մաշկն ամեն օր յուղային հիմքով քսուքներով՝ բակտերիաների և վնասակար տարրերի դեմ պաշտպանիչ պատնեշ ստեղծելու համար:
  • Քսուքը օգտագործեք լոգանքից դուրս գալուց անմիջապես հետո՝ խոնավությունը պահպանելու համար:
  • Լողանալուց հետո նրբորեն սրբեք ձեր մաշկը փափուկ սրբիչով: Երբեք մի շփեք մաշկը։
  • Խուսափեք քերծվածքներից՝ վարակի առաջացումը կանխարգելելու համար:
  • Օգտագործեք առանց բույրի դիմահարդարման պարագաներ, լվացող, մաքրող և մաշկի խնամքի այլ միջոցներ:
  • Քիմիական նյութերի հետ աշխատելիս կրեք ձեռնոցներ և պաշտպանիչ հագուստ։
  • Կրեք փափուկ մանրաթելերից պատրաստված լայն հագուստներ, ինչպիսին է՝ բամբակը:

«CosmoLab»-ի մաշկաբանության բաժանմունքում՝ ի գլխավորությամբ բաժանմունքի ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ աշխատում են բանիմաց և փորձառու մաշկաբաններ, որոնք լիովին կարող են վերահսկողության տակ առնել ցանկացած անհանգստացնող մաշկային խնդիր կամ հիվանդություն՝ առաջարկելով ամենաժամանակակից, անվտանգ և դեպքի համար ամենաարդյունավետ բուժման մոտեցումները։

Մաշկաբանի խորհրդատվության՝ ներառյալ բուժման նշանակման արժեքը 10,000 դրամ է, միայն խորհրդատվության արժեքը՝ 7000 դրամ։

Գրանցվել կարող եք առցանց կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22։

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 | Laser Lab by COSMOLAB (ներքին՝ 4)

Հետաքրքիր է նաև բժշկի մյուս հարցազրույցը՝ թեման բոլորին ամենահայտնի մաշկային հիվանդություններից մեկն է՝ հերպեսը։ Դիտե՛լ այստեղ։