Շատերը ցանկանալով բնութագրել իրենց մաշկը՝ այն կոչում են թավշյա, փայլուն, հարթ, սակայն, այսպիսի մաշկով ոչ բոլորը կարող են պարծենալ։
Մաշկն օրգանիզմի հայելին է, որն իր վրա կրում է շրջակա միջավայրի, սննդակարգի, տարատեսակ կոսմետիկ միջամտությունների և միջոցների ազդեցությունը։
Ստորև առաջարկում ենք ծանոթանալ մաշկի ճիշտ խնամքին և դրա առանձնահատկություններին։
Ինչպե՞ս մշակել դեմքի մաշկի խնամքի անհատական ծրագիր
Բոլորս երազում ենք, որ դեմքի մաշկի խնամքը հնարավորին չափ արդյունավետ լինի։ Որպես կանոն առանձնացվում է մաշկի 4 տեսակ՝ նորմալ, չոր, յուղոտ և կոմբինացված (համակցված)։
Որպեսզի կարողանաք տարբերակել թե ո՞ր տեսակին է պատկանում Ձեր մաշկը՝ թվենք որոշ առանձնահատկություններ։
Յուղոտ մաշկ․ հիմնական բնութագիրը առատ ճարպարտադրությունն ու մաշկի յուղոտ փայլն է։
Մաշկին բնորոշ են լայն ծակոտիները, այն հակված է կոմեդոնների և սև կորյակներ առաջացման։ Իսկ այ ծերացման նշաններն ի տարբերություն մաշկի այլ տիպերի՝ սկսում են ի հայտ գալ բավական ուշ։
Չոր մաշկ․ այստեղ նկատում ենք յուղոտ մաշկի հակառակ պատկերը։ Ճարպարտադրությունը քիչ է, մաշկը չի փայլում, հաճախ չորությունից կարող է ճաքճքել և թեփոտել։ Չոր մաշկը ավելի բարակ և նուրբ է, բայց դրա վրա կնճիռներն ավելի արագ են հայտնվում, երբեմն նույնիսկ մինչև 30 տարեկան: Այս տեսակի մաշկի վրա ծակոտիները գրեթե անտեսանելի են:
Նորմալ մաշկ․ մաշկի այս տիպը ոսկե միջինն է։ Ճարպարտադրությունը չափավոր է, մաշկը կարող է փայլել միայն T- գոտում, ծակոտիները սովորաբար փոքր են և լայնանում են միայն դեմքի կենտրոնական մասում: Սովորաբար այս տեսակի մաշկը դիմացկուն է արտաքին և ներքին ազդակների նկատմամբ։
Համակցված մաշկ․ մաշկի այս տիպն ունի վերը թվարկված տիպերին բնորոշ բոլոր առանձնահատկությունները։ Համակցված մաշկի դեպքում կարող են դիտվել լայնացած ծակոտիներ հիմնականում T-գոտում, դեմքի որոշ հատվածնելում կարող է աճել ճարպարտադրությունը։ Հաճախ ի հայտ են գալիս կոմեդոններ և սև կորյակներ։ Մաշկի այս տիպը հակված չէ վաղ ծերացման։
Դեմքի մաշկի խնամք ընտրելիս պետք է հաշվի առնել այս բոլոր հատկությունները։ Ի վերջո, եթե դուք օգտագործում եք այն քսուքներն ու լոսյոնները, որոնք «չեն համապատասխանում» ձեր մաշկին, կարող եք ստանալ հակառակ արդյունք ՝ խնամքը ոչ միայն կձախողվի, այլև կարող է վատթարացնել մաշկի վիճակը։
Եվ այսպես, տնային պայմաններում մաշկի ճիշտ խնամքի ընտրության հիմնական սկզբունքը մաշկի խնամքի ընտրությունն է մաշկի տիպով պայմանավորված։
Եթե ունեք մաշկի նորմալ տիպ, ապա ինքներդ կարող եք կազմել խնամքի ծրագիր ՝ կենտրոնանալով մաշկի ընդհանուր առանձնահատկությունների վրա: Չոր, յուղոտ և հատկապես համակցված մաշկի համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետների` կոսմետոլոգների կամ մաշկաբանների: Այս կերպ Դուք կարող եք ընտրել այն խնամքի միջոցները, որոնք կլուծեն բոլոր անհանգստացնող խնդիրները։

Նորմալ տիպի մաշկի խնամք
Միգուցե թվա շատ պարզ, սակայն, այս տիպի մաշկի խնամքն ունի իր առանձնահատկությունները: Մաշկը լվանալու համար դուք պետք է օգտագործեք այնպիսի միջոցներ, որոնք չեն պարունակում հակաբակտերիալ, հակաբորբոքային բաղադրիչներ: Սքրաբը չպետք է օգտագործվի ավելի քան շաբաթը մեկ անգամ: Ավելի լավ է չընտրել ալկոհոլի վրա հիմնված արտադրանքներ, որոնք չորացնում են մաշկը, փոխարենը ՝ օգտագործել բուսական բաղադրիչներով կոսմետիկա՝ երիցուկի, ալոեի, կալենդուլայի, թեյի ծառի մզվածքներով:
Ամենօրյա օգտագործման քսուքներն անպայման պետք է պարունակեն արևապաշտպան բաղադրիչ։ Դեմքի մաշկը տանը խոնավացնելու համար ավելի լավ է օգտագործել ոչ խիտ քսուքներ, այսինքն ՝ այնպիսի նյութեր, որոնք մաշկի մակերեսին հավելյալ թաղանթ չեն ստեղծում: Սովորաբար դրանք քսուքներ չեն, այլ գելեր են։
Յուղոտ մաշկը խնամելու կարգը
Յուղոտ մաշկը հատուկ խնամք է պահանջում, այնպիսին, որ էլ ավելի չակտիվացնի ճարպարտադրությունը և միևնույն ժամանակ չչորացնի էպիդերմիսի մակերեսային շերտը։ Յուղոտ մաշկը նաև շուտ գրգռվող է, դա է պատճառը մաշկի հաճախակի կարմրության։
Յուղոտ մաշկի խնամքի հիմնական կետերը՝
• Լավ մաքրում
• Մաշկի մանրէասպան բուժում
• Ճարպարտադրության կարգավորում
Մաշկը լվանալու համար հարկավոր է օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք միաժամանակ կայուն կպահեն մաշկի pH-ը, կկարգավորեն գերճարպարտադրությունը, կվերացնեն յուղոտ փայլը, սակայն այն չեն չորացնի չափից ավելի։
Շաբաթվա մեջ 2-3 անգամ խորհուրդ է տրվում օգտագործել նուրբ հղկող հատիկներով սքրաբ, որը կհեռացնի մաշկի աղտոտվածությունն, կշերտազատի մաշկը մահացած բջիջներից։
Մաշկը տոնուսավորելու համար խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի միջոցներ, որոնք չեն պարունակում սպիրտ։ Դրանք կարող են լինել բուսական հիմքով պատրաստված տոնիկներ և լոսյոններ՝ մասնավորապես երիցուկի, կալենդուլայի, հալվեի հիմքերով։
Երբեմն յուղոտ մաշկ ունեցող մարդիկ կարծում են, որ իրենց մաշկը հավելյալ խոնավացման կարիք չունի, սակայն դա այդպես չէ։ Պարզապես, խոնավացնող միջոցները չպետք է ունենան խիտ բաղադրիչներ, որպեսզի չխոչնդոտեն ճարպարտադրության աշխատանքը։
Որպեսզի խոնավացնեք Ձեր մաշկը հարկավոր է օգտագործել գել, շիճուկ կամ կաթիկ։ Եթե մաշկը հակված է բորբոքման, ապա սնուցող միջոցների բաղադրության մեջ հարկավոր է փնտրել հակաբորբոքային բաղադրիչներ։
Սակայն, պետք է հիշել, որ շատ ցուրտ եղանակային պայմաններում գելերի օգտագործումը չի խրախուսվում, օգտագործել կարող եք միայն գիշերային խնամքի դեպքում։

Չոր մաշկի խնամք
Չոր մաշկը հաճախ փոխանցվում է ժառանգական, սակայն երբեմն առաջանում է կյանքի ընթացքում։ Հատկապես մենոպաուզայի մոտենալու հետ մաշկը սկսում է էլ ավելի չորանալ։
Մաշկը կարող է չորանալ նաև հաճախակի պիլինգների հետևանքով։
Չոր մաշկի խնամքը պետք է լինի շատ նուրբ։ Լվանալու ընթացքում խորհուրդ չի տրվում օգտագործել մաշկը մաքրող միջոցներ՝ հատկապես շատ փրփրող, դրանք մաշկից «հեռացնում են» լիպիդները։
Ցանկալի է, որ դեմքը մաքրող և լվացող միջոցները պարունակեն յուղային բաղադրիչ, խորհուրդ չի տրվում նաև դեմքը լվանալ տաք ջրով, ջրի ջերմաստիճանը հարկավոր է լինի հարմարավետ մաշկի համար։
Եթե մաշկն այնքան չոր է, որ կան ճաքեր, ապա հարկավոր է օգտագործել այնպիսի խիտ բաղադրությամբ քսուքներ, որպեսզի դրանք բարակ թաղանթ ստեղծեն էպիդերմիսի մակերեսին և պահպանեն մաշկի ջրային բալանսը։ Այդ գործառույթը հիանալի են կատարում պարաֆին ու գլեցիրինը, որոնք համարվում են արագ օգնության բաղադրիչներ, տարատեսակ խնամքի միջոցների մեջ դրանց առկայությունը նպաստում է ջրային բալանսի շուտ վերականգնմանը։
Կարևոր է նաև մաշկի անհրաժեշտ խոնավացումը, հարկավոր է օգտագործել նուրբ խոնավացնող միջոցներ՝ ինչպես գելային, այնպես էլ կրեմային հիմքով, առաջնորդությունը տալով նրան, որը չի գրգռում մաշկը։
Չոր մաշկի դեպքում սննդակարգում խորհուրդ է տրվում ավելացնել ձկնեղեն, որը սնուցում է մաշկը օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նպաստում են լիպիդների սինթեզին։
Ճիշտ խնամքի ընտրություն կոմբինացված մաշկի համար
Համակցված մաշկի խնամքի առանձնահատկությունները բացատրվում են դրա առանձնահատկություններով։ Հատուկ ուշադրություն է պետք դարձնել T-գոտում ճարպարտադրության ակտիվությանը։ Մաշկի մաքրման համար խորհուրդ է տրվում շաբաթը 2 անգամ նուրբ սքրաբով մերսում կատարել։ Դա թույլ է տալիս խնամքի այլ միջոցներից ավելի բարձր արդյունավետություն քաղել, քանի որ մաշկն արդեն մաքուր է լինում և ցանկացած օգտագործված նյութ լավ է ներծծում։
Երկրորդը՝ մաշկի սնուցման փուլն է։ Դեմքի մաշկի տարբեր հատվածների համար հարկավոր է օգտագործել տարբեր միջոցներ։ Օրինակ՝ ճարպարտադրության ակտիվ շրջանում ցուցված է օգտագործել ճարպարտադրությունը կարգավորող և մաշկի յուղային փայլը նվազեցնող միջոցները։
Բարձր խոնավացում ապահովող միջոցները խորհուրդ է տրվում կիրառել այտերի և ճակատի հատվածում։
