Միցելյար ջրի նշանակությունն ու օգտագործման կարգը

Չնայած միցելյար ջրի անհավանական տարածվածությանը, շատերն այս կոսմետիկ արտադրանքը սխալ են օգտագործում։ 

Եկեք «CosmoLab Clinics»-ի բժիշկ-կոսմետոլոգ, մաշկաբան Նարինե Ասլանյանի հետ միասին պարզենք միցելյար ջրի առավելություններն ու թերությունները, ինչի համար է այն, և անհրաժե՞շտ է արդյոք օգտագործելուց հետո դրա մնացորդները լվանալ սովորական ջրով։ 

  • Ի՞նչ է միցելյար ջուրը, 
  • Ինչի՞ համար է անհրաժեշտ, 
  • Կազմը, 
  • Ինչպե՞ս օգտագործել, 
  • Պե՞տք է արդյոք լվանալ,  
  • Արդյո՞ք դա վնասակար է։ 

Ի՞նչ է միցելյար ջուրը 

Միցելյար ջուրը կոսմետիկ միջոց է, որը բաղկացած է մակերևութային ակտիվ նյութերից: Մակերևութային ակտիվ նյութերի փոքր մասնիկները՝ միցելները, պատասխանատու են դեմքից մաշկի եղջերային շերտի մասնիկների, կեղտի, յուղի և դիմահարդարման հեռացման համար: Դրանք երկշերտ սֆերաներ են՝ արտաքին շերտը ձգում է ջրում լուծվող բաղադրիչները, իսկ ներքինը վանում է ջուրը՝ միաժամանակ ձգելով ճարպային լուծվող բաղադրիչները։ Այս կառուցվածքի արդյունքում միցելները ձգում են կեղտերն ու կոսմետիկայի մասնիկները, որոնք հետո հեշտությամբ հեռացվում են մաշկի մակերեսից։ 

Շատերը միցելյար ջուրը շփոթում են տոնիկի հետ, սակայն դրանք ունեն բոլորովին այլ բաղադրություններ, հատկություններ և գործառույթներ։ Եթե առաջին միջոցը մաքրում է մաշկը, ապա երկրորդը բարձրացնում է տոնուսը։  

Միցելների վրա հիմնված առաջին լուծույթները, որոնք հայտնաբերեցին Բրիստոլի համալսարանի գիտնականները 1913 թ․-ին, նախատեսված էին երեխաների մաշկի խնամքի, էկզեմայի կամ ակնեի դեմ պայքարելու համար: 1995 թ.-ին դեղագործ ԺանՆոել Տորելը վերջնական տեսքի բերեց բանաձևը և առաջարկեց իր նորարարական միջոցը՝ որպես կոշտ ջրի այլընտրանք, ավելին, նրա հայտնագործած միցելյար ջրով մաշկը մաքրելուց հետո կարելի էր չլվանալ դեմքը (ինչն այսօր խորհուրդ չի տրվում)։ 

Ինչի՞ համար է միցելյար ջուրը: 

Շպարի հեռացման 

 

Բավական է միցելյար ջրով թրջված բամբակյա սկավառակը մի քանի վայրկյան պահել մաշկի վրա, որպեսզի կեղտն ու դեկորատիվ կոսմետիկան հայտնվեն նրա վրա։ Սակայն չպետք է մոռանալ, որ անգամ միցելյարով շպարի հեռացումից հետո հարկավոր է լվանալ դեմքի մաշկը (մաշկին համապատասխանով լվացման միջոցով) գոլ ջրով՝ այդ միցելյարի մնացորդներից ազատվելու համար։

Մաշկի մաքրման 

Մաշկի մաքրման գործում առաջնահերթ դերակատարություն ունեն մակերևութային ակտիվ նյութերը՝ միցելները։ Ըստ ծագման՝ մակերևութային ակտիվ նյութերը լինում են բնական (օրինակ՝ կոկոսի յուղի հիման վրա), քիմիական (պոլիէթիլեն գլիկոլ) կամ սինթետիկ (պոլոքսամերներ): 

Մաշկի խոնավացման 

Բաղադրության մեջ ներառված ծաղկային ջուրը (ջրային լուծույթ՝ հարստացված եթերայուղերի ջրում լուծվող մասնիկներով, բուսական էքստրակտներով և բուսական գլիցերինով) նպաստում է մաշկի լրացուցիչ խոնավացմանը։ 

Միցելյար ջրի կազմը։

Միցելյար ջուրը պարունակում է. 

  • Ջուր՝ մաշկը խոնավացնելու և վերականգնելու համար; 
  • Հիդրոլատներ՝ ծաղկային ջրի նմանատիպը, որը նպաստում է խոնավացմանը; 
  • Մակերևութային ակտիվ նյութեր՝ տենսիդներ, գլյուկոզիդներ, պոլոքսամերներ կամ պոլիէթիլեն գլիկոլ, որոնք պատասխանատու են մաքրման գործընթացի համար; 
  • Բուսական գլիցերին՝ մաշկի լրացուցիչ խոնավացման համար: 
  • Արտադրողները հավելյալ բաղադրիչներ են ավելացնում միցելային ջրի մեջ, օրինակ՝ եթերայուղերի հիդրոզոլներ, բուսական էքստրակտներ, հանքանյութեր, վիտամիններ և բուրավետիչներ։ Հենց այս հավելումներն էլ կարող են անհատական ալերգիկ ռեակցիա առաջացնել։ 

 Պետք չէ գնել միցելյար ջուր, եթե այն պարունակում է օճառ կամ սպիրտ, որը չորացնում է մաշկը և կարող է վնասել նրա պաշտպանիչ պատնեշը։ 

Ինչպե՞ս օգտագործել միցելյար ջուրը։

  • Թրջեք բամբակյա սկավառակը միցերյար ջրի փոքր քանակությամբ, հակառակ դեպքում միցելյար ջուրն ավելի դժվար կլինի հեռացնել դեմքից, և դա չի ազդի արդյունքի որակի վրա: 
  • Մեղմորեն սրբեք ձեր դեմքը: 
  • Աչքերի դիմահարդարումը հեռացնելու համար, թեթևակի սեղմեք բամբակյա սկավառակը կոպի վրա և սահեցրեք ձեր աչքի ներքին անկյունից դեպի արտաքին (իհարկե պետք է համոզվել, որ տվյալ միցելյար ջուրը նախատեսված է հարակնային շրջանի համար)։ 
  • Ավարտելուց հետո դեմքը լվանալ գոլ ջրով։

Արդյո՞ք անհրաժեշտ է դեմքը լվանալ միցելյար ջուր օգտագործելուց հետո: 

Այս հարցի հետ կապված շատ հակասական կարծիքներ կան։ Մի կողմից, պիտակների վրա գրված է՝ միցելյար ջուրը չպետք է լվանալ մաշկից: Սակայն հիմնականում այս կոսմետիկ միջոցն օգտագործվում է երեկոյան՝ դիմահարդարումը հեռացնելու և մաշկը մաքրելու համար։ Եթե դուք չեք լվանում ձեր դեմքը միցելյար ջուրն օգտագործելուց հետո, ապա կեղտի փոքր մասնիկներով միցելների մնացորդները կարող են խցանել ծակոտիները և նույնիսկ ակնեի (կորյակային հիվանդություն) պատճառ դառնալ։

Միցելյար ջուր օգտագործելուց հետո դեմքը չլվանալը կարող է քայքայել վերնամաշկի բնական պատնեշը, առաջացնել չորություն և գրգռել մաշկը։ Միցելյար ջուրը չլվանալ թույլատրվում է միայն արտակարգ իրավիճակներում. Օրինակ՝ ճանապարհորդելիս (ընթացքում)։

Միցելյար ջրի օգտագործման հնարավոր ռիսկերը 

  • Կարող է առաջացնել չորություն և գրգռվածություն։ 

PEG-ի (պոլիէթիլեն գլիկոլ էմուլգատոր) բարձր՝ 20%-ից ավելի պարունակությամբ արտադրանքները կարող են վնասել մաշկի պաշտպանիչ պատնեշները: 

  • Կարող է առաջացնել ակնե։ 

Եթե շպարը հեռացնելուց հետո միցելյար ջուրը չլվանալ, մաշկի վրա կմնան կեղտի և միցելների մանր մասնիկներ։ Կուտակվելով ծակոտիներում՝ դրանք կարող են ակնե առաջացնել։ 

  • Կարող է առաջացնել ալերգիա։ 

Միցելյար ջրի եթերային յուղերը կամ արոմատիզատորները կարող են հանգեցնել ալերգիայի:  

Չոր և զգայուն մաշկ ունեցող մարդիկ պետք է զգուշորեն օգտագործեն միցելյար ջուրը կամ ընդհանրապես խուսափեն դրանից: Որպես այլընտրանք կարելի է  օգտագործել կաթիկ կամ էմուլսիա։ Խորհուրդ ենք տալիս խորհրդակցել բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգի հետ՝ Ձեր մաշկին համապատասխան խնամքի միջոցների ճիշտ ընտրության համար։ Խուսափեք պատահական կոսմետիկ նյութերից։  

CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունն անվճար է։

Գրանցվել կարող եք զանգով՝ 044 55 00 22, կամ առցանց՝ սեղմելով էկրանին թարթող շրջանակին։