«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի մաշկաբանության բաժանմունքի բժիշկ-մաշկաբան Էդուարդ Արկադիի Ավագյանը կիսվում է իր փորձով և մանրամասնում կորոնավիրուսային վարակի դեպքում դրսևորվող մաշկային խնդիրների մասին՝ դասակարգելով դրանք երեք խնբերում․ ստորև ծանոթացե՛ք՝
Նոր տեսակի կորոնավիրուսը, ինչպես գիտենք, ախտահարում է հիմնականում շնչառական համակարգը, և ՔՈՎԻԴ-ի գլխավոր դրսևրումը ինտերստիցիալ թոքաբորբն է։ Սակայն, հաստատվել է, որ կորոնավիրուսային վարակի ժամանակ կարող է ախտահարվել նաև մաշկը՝ հիվանդների շուրջ 20 տոկոսի մոտ, այսինք ՔՈՎԻԴ տանող յուրաքանչյուր հինգերորդ հիվանդ կարող է ունենալ մաշկային դրսևորում։
Բոլոր մաշկային խնդիրները, որոնք առնչություն ունեն ՔՈՎԻԴ-ի հետ՝ կարելի խմբավորել հետևյալ երեք խմբերում․
1․մաշկային հիվանդություններ, որոնք զարգանում են կորոնավիրուսային համաճարակի հետևանքով
2․ մաշկային ախտահարումներ, որոնք զարգանում են ՔՈՎԻԴ-ի բուժման համար նշանակվող դեղամիջոցների օգտագործման հետևանքով
3․ ՔՈՎԻԴ-ասոցացված մաշկախտներ։
1․ Մաշկաբանական իրավիճակներ, որոնք զարգանում են ՔՈՎԻԴ-19 համաճարակի հետևանքով
Այս խմբի հիվանդությունները ամենահաճախադեպն են․ ըստ վիճակագրության՝ բնակչության շուրջ 97-98%-ը այս կամ այն չափով ունենում են նման խնդիրներ։ Առանձնացնում ենք խնդիրների երեք ենթախումբ՝
- Մաշկի վնասում, որն առաջանում է անհատական պաշտպանության հանդերձանքի (դիմակներ, ձեռնոցներ, բժշկական համազգեստ և այլն) կրման հետևանքով։ Նման խնդիրները առավել հաճախ դիտվում են բուժաշխատողների մոտ, դրսևորվում է հիմնականում մաշկի վնասման կլինիկական նշաններով․ էրիթեմա, մացերացիա, էքսկորիացիա, ճաքեր, դեսկվամացիա, էրոզիաներ, հաճախ, քորով կամ ցավով ուղեկցվող։ Ընդ որում, որքան ավելի երկար է պաշտպանական հագուստը կրվում, այնքան ավելի մեծ է մաշկի վնասման ռիսկը։
- Մաշկաբորբեր, որոնք առաջանում են հիգիենայի պահպանման միջոցների (սպիրտային հիմքով ախտահանիչներ, օճառներ և այլն) օգտագործման հետևանքով։ Այս մաշկաբորբերը կարող են լինել իրիտանտային, այսինքն, զարգանան միայն քիմիական գրգռիչների ազդեցության տակ։ Բայց, հաճախ, մաշկաբորբերը կարող են խրոնիզացվել, վերածվելով էկզեմայի։
- Արդեն գոյություն ունեցող մաշկային հիվանդությունների սրացում․ ակնե, ռոզացեա, սեբորեային մաշկաբորբ և այլն։
2. Մաշկի խնդիրներ, որոնք առաջանում են ՔՈՎԻԴ-ի կապակցությամբ ընդունված դեղամիջոցների վնասակար ազդեցության հետևանքով։
Այս շարքում առավել հաճախ հանդիպում են ալերգիկ մաշկաբորբերը, երկրորդային վարակային խնդիրները (սնկախտ, գրամ-բացասական ֆոլիկուլիտներ՝ մեծ քանակությամբ բազմատեսակ հակաբիոտիկների ընդունման հետևանքով), ստերոիդային ակնե (գլյուկոկորտիկոստերոիդների մեծ չափաբաժինների ընդունման հետևանքով) և, իհարկե, մազաթափություն։ Մազաթափությունը ՔՈՎԻԴ-ի ժամանակ կարող է լինել տարբեր ինտենսիվության՝ սկսած թույլ, քիչ նկատելի վիճակից մինչև խիստ արտահայտված, տարածուն ճաղատացման բերող մազաթափություն։ Մազաթափությանը նպաստող գործոնները պայմանավորված են գերազանցապես այնպիսի դեղամիջոցներով, ինչպիսիք են հակամակարդիչները, սակայն մեծ նշանակություն ունի նաև սթրեսը։ Մեծ մաս դեպքերում ՔՈՎԻԴ-ասոցացված մազաթափությունը դարձելի է վարակվելուց հետո մեկ տարվա ընթացքում և յուրահատուկ բուժում չի պահանջում։
3․ ՔՈՎԻԴ-ասոցացված մաշկախտներ
Առանձնացնում են ՔՈՎԻԴ-ի մաշկային հինգ դրսևորումներ․
- Ցաներ, որոնք առաջանում են արյունատար անոթների խցանման հետևանքով, այսպես կոչված, անոթա-խցանումային ցանավորումներ, որոնք իրենց մեջ ներառում են՝ ֆիքսված ռացեմոզային լիվեդո, ցանցաձև պուրպուրա և ծայրամասային (ակրալ) իշեմիա։ Այս դրսևորումները դիտվում են համեմատաբար ավելի հազվադեպ, սակայն զուգակցված են ՔՈՎԻԴ-ի առավել ծանր ընթացքի հետ։
- Բշտիկային ցան, տեղակայված հիմնականում իրանի մաշկին, նմանեցվում է ջրծաղիկի կամ գոտևորող հերպեսի, մահացությունը այս ցանը ունեցող հիվանդների մոտ բավականին ցածր է։
- Էրիթեմատոզ ցան, որի մեջ մտնում են նաև հանգուցիկային և բծային տարրեր, տեղակայված գերազանցապես իրանի մաշկին, բնորոշ է սաստիկ քորը, զուգակցված է հիմնականում թեթև աստիճանի հետ։
- Եղնջացան, որը սովորաբար անհետանում է ինքնուրույն, առանց լրացուցիչ բուժման 24 ժամերի ընթացքում, դիտվում է գերազանցապես կանանց մոտ, մահացությունը շատ ցածր է։
- Ցրտահարության նման կամ կեղծ-ցրտահարություն․ էրիթեմատոզ, կապտավուն ցաներ, որոնք տեղակայվում են հիմնակաանում ծայրամասային հատվածների մաշկին՝ մատներ, ականջախեցիներ։ Կրկին՝ մահացությունը բավականին ցածր է։
Բացի նշված դրսևորումներից, ՔՈՎԻԴ-ի ժամանակ կարող են առաջանալ նաև այլ՝ ավելի հազվադեպ մաշկային խնդիրներ, որոնք նկարագրված մի քանի հիվանդների մոտ, սակայն կապը ՔՈՎԻԴ-ի հետ հիմնավոր է․ Այդ դրսևորումները կարող են նմանեցնել մաշկային այլ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ վարդագույն որքին, բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, Գրովերի հիվանդություն և այլն։
ՔՈՎԻԴ-ի համաճարակի ընթքացքում հաճախակի են դարձել նաև Կավասակի հիվանդության դեպքերը, որը ևս ունի մաշկային դրսևորումներ․ ափերի և ներբանների, իրանի էրիթեմատոզ, թեփոտվաղ ցան։
Ցանկացած ցանի առկայության պարագայում, անկախ քովիդի հետ կապ ունենալու հանգամանքի՝ մաշկաբանի դիմելը պարտադիր է։
Քովիդի կասկած կարող են հարուցել հետևյալ դեպքերը`
* Երբ ծայրամասային հատվածների մաշկին առաջացել են ցրտահարության բնորոշ ցաներ, սակայն վերջույթները չեն ենթարկվել ցրտահարության։
* Երբ բարձր ջերմաստիճանի ֆոնին հիմնականում սրունքների մաշկին ի հայտ են եկել մանր կետային մուգ կարմրավուն բծեր
* Երբ առաջացել են ջրծաղիկին բնորոշ բշտիկներ, առավել ևս եթե նախկինում հիվանդացել եք ջրծաղիկով։ Նման դեպքերում մաշկաբանի դիմելը և ՔՈՎԻԴ-ի ժամանակին հայտնաբերելը կարող է նույնիսկ կյանքեր փրկել։
Հոդվածը՝ CosmoLab-ի մաշկաբանության բաժանմունքի բժիշկ-մաշկաբան Էդուարդ Ավագյանի
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի մաշկաբանության բաժամնունքում խորհրդատվության՝ ներառյալ բուժման նշանակման արժեքը 10,000 դրամ է, միայն խորհրդատվության արժեքը՝ 7000 դրամ։
Հասցեներ՝ Սայաթ-Նովա 15, Կոմիտաս 37 և Գայի պողոտա 16 | Մեգամոլ, Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2, Սարյան 19-21
Հեռ․՝ 044 55 00 22, 011 55 00 22