Խալերի, նորագոյացությունների ախտորոշում | Դերմատոսկոպիա

Դերմատոսկոպիան մաշկի նորագոյացությունների հետազոտման ժամանակակից սարքավորումային մեթոդ է, որն ունի բարձր ախտորոշիչ նշանակություն: Բոլորովին վերջերս մաշկային հիվանդությունների տարբերակված ախտորոշման համար անհրաժեշտ էր կատարել բիոպսիա՝ հաջորդող հիստոլոգիական հետազոտությամբ: Դերմատոսկոպիայի շնորհիվ հնարավոր է իրականացնել նորագոյացությունների տարբերակված ախտորոշում ՝ առանց մաշկը վնասելու:

Ի՞նչ է դերմատոսկոպիան

Դերմատոսկոպիան կատարվում է հատուկ դերմատոսկոպիկ սարքի միջոցով: Սարքավորումը իրենից ներկայացնում է մեկ ակնոցով խողովակ, որի ներսում առկա է խոշորացույց՝ մինչև 10–20 անգամ խոշորացման հզորությամբ, թափանցիկ թիթեղ, չբևեռացված լույսի աղբյուր և հեղուկ գելային միջավայր:

Դերմատոսկոպի միջոցով հնարավոր է մանրամասն ուսումնասիրել մաշկի տարբեր շերտերի գույնը և միկրոկառուցվածքը՝ էպիդերմիսի, դերմո-էպիդերմալ հանգույցի, պապիլյար դերմիսի:

Սարքը հատկապես արդյունավետ է մաշկի մահացու հիվանդության՝ մելանոմայի ախտորոշման դեպքում: Դերմատոսկոպիայի միջոցով 90% դեպքերում կարելի է ախտորոշել մաշկի քաղցկեղի վաղ փուլը։ Բացի մելանոմայից, դերմատոսկոպիայի միջոցով հնարավոր է կատարել բարորակ կամ չարորակ բնույթի մաշկի ցանկացած նորագոյացությունների, բջիջների սահմանային վիճակների տարբերակված ախտորոշում։

Ինչպե՞ս է կատարվում միջամտությունը

Միջամտությանը հատուկ նախապատրաստում չի պահանջվում. այն կարող է իրականացվել բոլոր կատեգորիաների պացիենտների, ներառյալ տարեցների, հղի կանանց և երեխաների համար: Միջամտության ընթացքում հզոր լույսի աղբյուրն ուղղվում է նորագոյացությանը, որը ընդգրկում է մաշկի բոլոր շերտերը, և խոշորացույցի շնորհիվ բժիշկը կարող է ուսումնասիրել պաթոլոգիայի բնույթը և որոշել նորագոյացության վտանգը մարդու առողջության համար:

Ժամանակակից սարքերի միջոցով հնարավոր է դիտարկել կառուցվածքային փոփոխությունները 0.2 մկմ չափսերով (համեմատության համար՝ փոշու կտորը մոտ 1 մկմ է):

Հետազոտության ընթացքում բժիշկը գնահատում է նորագոյացությունները ՝ համաձայն հետևյալ չափանիշների.

  • պիգմենտացիայի փոփոխությունների;
  • երանգի միատարրության;
  • կառուցվածքի բնույթի;
  • չափսերի մեծացման;
  • մաշկի պատկերի, ուրվագծերի փոփոխության;
  • թեփոտման և բորբոքային արեոլայի առկայության;
  • ճաքերի և խոցային հատվածների առկայության;

Դերմատոսկոպիան իրականացվում է սովորական, թվային և համակարգչային տեխնոլոգիայի միջոցով: Առաջին դեպքում օգտագործվում է սարք` բաղկացած խոշորացույցից` լույսի աղբյուրով և բռնակով։ Թվային դերմատոսկոպին միացվում է ֆոտոխցիկ և կատարվում նպատակաուղղված կադր, այս տարբերակը թույլ է տալիս պահպանել պատկերը և հետևել նորագոյացության փոփոխման դինամիկային։ Համակարգչային դերմատոսկոպիայի համար օգտագործվում է վիդեո-դերմատոսկոպ, որը միացվում է համակարգչին:

Միջամտությունը կատարվում է նախապես տեղային անզգայացմամբ, որից հետո ընթացքն ամբողջությամբ անցավ է, իսկ տևողությունը՝ մի քանի րոպե։

Ե՞րբ է անհրաժեշտ կատարել դերմատոսկոպիա

Դերմատոսկոպիա կատարվում է մաշկային հիվանդություններով զբաղվող մասնագետների՝ մաշկաբանների կամ մաշկաբան-ուռուցքաբանների կողմից, մասնավորապես` տարբեր նորագոյացությունների ախտորոշման և բուժման ժամանակ: Ուսումնասիրության հիմնական նպատակն է հայտնաբերել ուռուցքաբանորեն վտանգավոր մաշկի նորագոյացությունները ուռուցքային գործընթացի զարգացման վաղ փուլում, երբ դեռևս մետաստազ չի առաջացել: Վաղ ախտորոշումը և չարորակ ուռուցքի ժամանակին հեռացումը զգալիորեն մեծացնում են պացիենտների մաշկի քաղցկեղի հաջող բուժման հնարավորությունները:

Տարբերակված ախտորոշումն իրականացվում է նևուսների (խալեր), գորտնուկների, կերատոմաների, բազալիոմաների, լենտիգոյի (պեպեն), աթերոմաների, ակնեի, պսորիազի և այլ պաթոլոգիաների ուսումնասիրման համար:

Միջամտությունը ցուցված է․

  • եթե որոշել եք հեռացնել դեմքի կամ մարմնի այլ մասում գտնվող խալը և ցանկանում եք համոզվել, որ նորագոյացությունը բարորակ է և մինչ նորագոյացության շուտափույթ հեռացումը, ուզում եք պարզել դրա բնույթը;
  • մաշկի հիվանդությունների ատիպիկ ընթացքի դեպքում;
  • եթե հարազատներից որևէ մեկն ունեցել է մելանոմա;
  • նորագոյացության ցանկացած փոփոխությունը՝ չափի, գույնի, կառուցվածքի փոփոխությունները, ասիմետրիայի փոփոխությունը, խտացումը, բորբոքումը, շերտավորումը;
  • երբ խալը վնասվել կամ արյունահոսում է;
  • ավելի քան 50 խալի առկայության դեպքում;
  • եթե մարմնի վրա առկա են մեծ քանակությամբ նորագոյացությունների (խալեր, պապիլոմաներ, կոնդիլոմաներ, պիգմենտային բծեր և այլն);
  • եթե պացիենտի մարմնի վրա հայտնվում է նոր խալ, որը տարբերվում է արագ աճով, կամ հին խալը սկսում է փոխվել (մեծանալ չափերով, փոխել գույնը, առաջացնել քոր, կեղևազերծվել, արյունահոսել);
  • խալի տեղակայումից կախված՝ այն  անընդհատ շփվում է հագուստի հետ, ժամանակ առ ժամանակ բորբոքվում է կամ եթե պացիենտը պատահաբար վնասել է այն;
  • նրանք, ովքեր ամեն օր ենթարկվում են արևի ճառագայթների:

Մելանոմայի նշաններն են նորագոյացության ասիմետրիան և անհարթ եզրերը, մի քանի գույների առկայությունը (հատկապես կապույտ-սպիտակ սպեկտրը) և չամրացված կառուցվածքը:

Պաթոլոգիական փոփոխված նորագոյացությունների առկայության և դրանց արագ աճի դեպքում չպետք է հետաձգել այցը մաշկաբանի մոտ:

Արագ և անվտանգ հետազոտությունը՝ դերմատոսկոպիան, կօգնի արագ տարբերակել սովորական նևուսներն ու բնածին նևուսները չարորակ պաթոլոգիաներից: Մաշկի քաղցկեղը հնարավոր է բարեհաջող կերպով բուժել, եթե հնարավոր է լինում ախտորոշել զարգացման վաղ փուլում: Պետք է հիշել, որ մարմնի ցանկացած մասում մաշկի վրա կարող են դիտվել նաև այլ բարորակ և չարորակ նորագոյացություններ, ինչը բարդացնում է ախտորոշումը, և երբեմն պահանջում է հատուկ բուժում:

Բազալային բջիջների քաղցկեղը կամ բազալիոման չարորակ ուռուցքների ամենատարածված ձևն է: Բարեբախտաբար, այն զգալիորեն քիչ ագրեսիվ է, քան մելանոման, չնայած կարող է լուրջ հյուսվածքային վնասներ հասցնել:

Մաշկաբանի մոտ առաջին այցի ընթացքում, բժիշկը նախ անզեն աչքով զննում է ամբողջ մարմինը: Բնածին նևուսների ռիսկի տարբեր մակարդակներ կան.

  • ցածր ռիսկայնությամբ նորագոյացություններ — չարորակ նորագոյացությունների հետ ընդհանուր նմանություններ չունեն:
  • Մաշկի միջին ռիսկի նորագոյացություններ — կասկածելի խալեր (ատիպիկ կամ դիսպլաստիկ խալեր), որոնք ընդհանուր հատկություններ ունեն չարորակ ուռուցքների հետ: Նրանք համապատասխանում են ԳԵՏԱՓ-ի (գույն, եզրեր, տրամագիծ, ասիմետրիա, փոփոխություն) ցանկացած չափանիշի։
  • Մաշկի բարձր ռիսկային նորագոյացություններ — մեծ հավանականություն կա, որ բնածին նևուսը չարորակ է։

Եթե ցանկանում եք մինչ միջամտությունը խորհրդակցել բժշկի հետ, ապա կարող եք այցելություն ամրագրել՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։ 

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15

Կոմիտաս 37

Գայի պող․ 16 | Մեգամոլ

Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2

Սարյան 19-21